Տասը պատվիրան ծնողներին

Տասը պատվիրան ծնողներին
Յանուշ Կորչակ

Յանուշ Կորչակ (լեհերեն Janusz Korczak, իսկական անունն է Henryk Goldszmit, (1878 – 1942) – նշանավոր մանկավարժ, գրող, բժիշկ եւ հասարակական գործիչ:
Նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացիայի ընթացքում, Կորչակը հերոսաբար կռվել է Վարշավայի գետտոների երեխաների կյանքի համար, մահացել է Տրեբլինկա գազի կամերաներում իր 200 աշակերտների հետ միասին:
Կորչակի մանկավարժական հայացքները բավականին հետաքրքիր են, երբեմն ինչ-որ չափով դժվար ընկալելի, առաջին հայացքից՝ անգամ անընդունելի: Բայց երբ կարդում ես, սկսում ընկալել նրա մտքի տարածքը, զարմանում ես, թե որքան պարզ բաների մասին է խոսքը, որ մենք այդպես էլ չենք տեսնում ու հասկանում:

Տաս պատվիրան ծնողներին

Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես իրեն: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին, և սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
Մի՛ վերաբերվիր նրա խնդիրներին բարձրամտորեն: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
Մի՛ նվաստացրու:
Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Հիշի՛ր, որ արվածը, միևնույն է, երեխայի համար բավարար չէ, միաժամանկ նրա համար ամեն ինչ արվել է:
Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Դա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ նրա մեջ պահպանելու և զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որոնց մոտ պետք է աճի ոչ թե սեփական երեխան, այլ՝ ի պահ տրված հոգին:
Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի արա այն, որ չես ուզենա անեն քոնին:
Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, մեծահասակ: Ուրախացի՛ր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան — տոն է, որ դեռ ձեզ հետ է:
ծնողական, Մեդիաընթերցարան
on 30/05/2014

Մարիա Մոնտեսորի Երեխայի տունը

Ստերեոգնոստիկ զգացողության դաստիարակում

Այս զգացողության դաստիարակությունը հանգեցնում է առարկան շոշափելու միջոցով ճանաչելուն, այսինքն` միաժամանակ աշխատում են շփման և մկանային զգացողությունները: Հիմքում այս երկու զգացողությունների համադրումը դնելով` մենք փորձեր ենք կատարել, որոնք շշմեցուցիչ հաջող արդյունքներ են տվել:

Սկզբնական դիդակտիկ նյութը, որն օգտագործում էինք, կազմված էր Ֆրեբելի աղյուսիկներից և խորանարդիկներից: Երեխայի ուշադրությունը հրավիրելով երկու երկրաչափական մարմինների ձևերի վրա` նրան թույլ էինք տալիս բաց աչքերով շոշոփելու, ընդ որում ինչ-որ արտահայտություն էինք կրկնում, որը երեխայի ուշադրությունը կենտրոնացնում էր այդ ձևերի առանձնահատկությունների վրա: Հետո նրան առաջարկում էինք խորանարդը դնել աջ կողմում, աղյուսը` ձախ առանց նայելու, շոշափելով: Հետո այդ վարժությունն անում էինք` երեխայի աչքերը կապելով:

Համարյա բոլոր երեխաներին դա հաջողվում էր, երկու-երեք անգամից նրանք ուղղում էին իրենց սխալները: Մենք 24 խորանարդիկ և աղյուս ունենինք, այնպես որ երեխաների ուշադրությունը երկար ժամանակ կենտրոնացած էր այդ խաղի վրա: Սակայն դրա վայելքն ավելի է մեծանում, երբ խաղով հետաքրքրված ընկերների խումբ է հետևում է երեխային:

Մի անգամ տնօրինուհին իմ ուշադրությունը հրավիրեց մեր ամենափոքր սաներից մի երեքամյա աղջնակի վրա, որը անթերի էր կատարում նկարագրված վարժությունnւնների շարքը: Մենք նրան հարմար նստեցրինք սեղանի մոտ: Հետո նրա առջև դրեցինք 24 ֆիգուրները, լավ խառնեցինք, նրա ուշադրությունը հրավիրեցինք դրանց ձևերի տարբերությունների վրա և առաջարկեցինք խորանարդիկները աջ կողմում դնել, աղյուսները` ձախ:

Աչքերը կապած` նա մեր հրահանգով սկսեց կատարել վարժությունը, մեկ-մեկ վերցնում էր առարկաները, շոշափում և դնում ճիշտ տեղում: Երբեմն նա 2 աղյուս էր վերցնում, երբեմն ձախ ձեռքով աղյուս էր վերցնում, աջով` խորանարդ: Աղջիկը պետք է ճանաչեր առարկաները, ամբողջ ընթացքում հիշեր դրանց ճիշտ տեղերը: Երեքամյա երեխայի համար դա բարդ առաջադրանք էր թվում:

Սակայն փոքրիկին հետևելով` նկատեցի, որ նա ոչ միայն վարժությունը հեշտ է կատարում, այլև շոշափելու այն շարժումը, որ նրան սովորեցրել էինք, պետք էլ չէր գալիս: Իրականում հենց որ խորանարդն ընկնում էր ձախ ձեռքը, իսկ աղյուսը` աջ, նա անմիջապես փոխում էր դրանց տեղերը, հետո նոր սկսում շոշափել այնպես, ինչպես մենք նրան սովորեցրել էինք, և ինքը դրանք պարտադիր էր համարում:

Առաջին իսկ հպումից նա ճանաչում էր առարկան, այսինքն` հենց առարկան վերցնում էր, անմիջապես ճանաչում էր: Շարունակելով ուսումնասիրել այս փորձը` համոզվեցի, որ այդ մի մատ աղջիկը հրաշալիորեն համատեղել էր երկու գործողություն: Ես հաճույքով խորը կուսումնասիրեի երկու ձեռքերը միաժամանակ օգտագործելու ունակության դաստիարակության ֆենոմենը: Այդ փորձը կատարեցի նաև այլ երեխաների հետ և համոզվեցի, որ նրանք առարկաները ճանաչում են դրանց ուրվագծերը շոշափելուց առաջ, և դա ավելի լավ անում են փոքրիկները:
Մեր դաստիարակչական հնարքները տվեցին, ուրեմն, զուգորդումներ անելու կարողության, դատողության արագության իսկապես հրաշալի մարզանքի հիանալի վարժություն, որն այն առավելությունն ունի, որ լիովին մատչելի է շատ փոքր տարիքի երեխաներին:

Ստերեոգնոստիկ զգացողության այդ վարժությունները կարող են տարբեր առումներով հետաքրքրել. դրանք գրավում են երեխաներին, նրանց համար ոչ միայն խթան են, ինչպես ջերմազգացողության վարժությունների ժամանակ, այլև ամբողջական առարկա են կառուցում: Այդ վարժությունների ժամանակ կարելի է անագե զինվորիկներ շոշափել, օղակներ, հատկապես` մետաղադրամներ: Երեխաները սովորում են մանր չափերը, նման ձևերը` ինչպես ասենք բրինձը և կորեկը, նույնպես ճանաչել:

Երեխաները հպարտանում են, որ կարողանում են առանց աչքի փակ տեսնել, մեկնում են թնթիկները և կանչում. «Սրանք իմ աչքերն են, ես կարողանում եմ ձեռքերով տեսնել, ինձ աչքեր պետք չեն»: Հաճախ նրանց ուրախ ճիչերին պատասխանում եմ. «Լա~վ, որ այդպես է, եկեք դրանք հանենք, դեն գցենք: Մեր ինչի՞ն են պետք դրանք»: Իրոք, մեր փոքրիկները, մեր ուղղորդած ճանապարհով գնալով, ամեն օր զարմացնում են մեզ իրենց անկանխատեսելի հաջողություններով: Եվ հաճախ նրանք անչափ ուրախանում են իրենց փոքրիկ հաջողություններով, իսկ մենք հաճույքով հետևում եմք իրենց:

սկիզբը

Շարունակությունը

Ռուսերենից թարգմանեց Աիդա Պետրոսյանը