ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՍԱԿԱՆ ՏԻԿՆԻԿՆԵՐ

ՈՒՏԻՍ ՏԱՏ և ՊԱՍ ՊԱՊ(ԱԿԼԱՏԻԶ)

Երկու ծիսական տիկնիկները` Ուտիս տատը և Պաս պապը, ներքին խորհրդանշական և իմաստային կապ ունեն միմյանց հետ: Նրանց ծիսական իմաստն ու դերը ամբողջանում է այն տոների և ծեսերին, որտեղ էլ հայտնվում են այս տիկնիկները`Ուտիս տատը` Բարեկենդանին, Պաս պապը` Մեծ պասին:Բարեկենդանը տարվա ամենազվարճալի, սպասված ու խելահեղ տոնն էր: Այն տևում էր մեկ կամ երկու շաբաթ: Տոնի վերջին օրը,տարեց կանայք երեկոյան պարում էին իրենց ծիսական պարը, իսկ երիտասարդ տղաները պատրաստում էին ծիսական տիկնիկը`Ուտիս տատին: Այն կնոջը կերպարանավորող, գզգզված, քրքրված տիկնիկ էր, որ Բարեկենդանի վերջին օրը, երեկոյան, հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած` վռնդում էին, ներս հրավիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը,ուտիս օրերը, իսկ Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Ուտիս տատը և Պաս պապը գտնվում են մշտական ծիսական պայքարի մեջ: Եթե Ուտիս տատին մարմնավորում է գզգզված, քրքրված կանացի հագուստով տիկնիկը, ապա Ակլատիզին`խստահայաց ծերունու տեսքով տիկնիկը: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Որոշ վայրերում փետուրները կարող էին գույնզգույն լինել կամ` չորսը սպիտակ, մեկը`սև ու սպիտակ, երկուսը`սև, քանի որ պասի առաջին 4 շաբաթները ձմռան շրջանում են, վերջին երեքը` գարնան, երբ գետինն արդեն սևացել է: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը: Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին տանում էին կալերը և չարախնդալով, դագանակով հարվածելով, ջուրն էին գցում, իսկ Ակլատիզի սոխը կամ սոխի ծիլերը տանտիրուհիները պահում էին և գցում ճաշի մեջ: Որոշ վայրերում սոխը թաթախում էին մածունի մեջ և նետում տանիքը: Ըստ ժողովրդական պատկերացումների,Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է` մյուս տարի կրկին վերադառնալու համար: